ArmnNews 106.9 ուղիղ եթեր

bg
bg
bg
bg
bg
bg
up

Միացյալ Նահանգների Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև. Բանաձևը չունի իրավաբանական պարտադիր ուժ և չի ստորագրվելու ԱՄՆ նախագահի կողմից. Սուրեն Սարգսյան

item

Հայաստանի իշխանությունները որևէ մասնակցություն չեն ունեցել ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության բանաձեւի ընդունման գործում և պետք է հաշվի առնել, որ բանաձևը օրենք չէ:

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ այն հայտարարություն է, որը չունի իրավաբանական պարտադիր ուժ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:

 

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:

Հայոց ցեղասպանության մասին երկկուսակցական բանաձևը, մասնավորապես, սահմանում է.

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով,

2) մերժել Հայոց ցեղասպանությունը կամ ցանկացած այլ ցեղասպանություն ժխտելու գործին Միացյալ Նահանգների կառավարությանը ներգրավելու ջանքերը,

 3) խրախուսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի հանրայնացումն ու ուսուցանումը՝ հաշվի առնելով Միացյալ նահանգների դերը մարդասիրական աջակցություն ցույց տալու ջանքերում և Հայոց ցեղասպանության արդիականությունը մարդկության դեմ կատարվող մերօրյա հանցագործությունների համատեքստում:

Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին:  Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:

Նշենք, որ բանաձևն օրենքի պարտադիր ուժ չունի, այն արձանագրում է, որը Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը։